«Քինգ դե լյուքս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Դալլաքյանը տեղյակ չէ՝ իսկապես Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյա՞նն է (Պալաչ) տարածել հայտարարությունը, թե ինքը ցավում ու ափսոսում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ թույլ է տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ: Այս մասին ասաց Արթուր Դալլաքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ես էլ ձեզ նման այդ հայտարարության մասին մամուլից եմ տեղեկացել, ուրիշ ոչինչ չգիտեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն ավելի վաղ Արթուր Հարությունյանի (Պալաչ) անունից մի հայտարարություն էին տարածել, ուր մասնավորապես ասված է.
«Ես ցավում և ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ: Գուցե, դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք` միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության և մեր ժողովրդի համար, ու նաև նրա բարեգործական գործունեությունը:
Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին. մի շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված:
Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին և կխնդրեմ նրան արժանապատիվ լուծումներ գտնել: Մի բան կարող եմ հստակ ասել: Ես թույլ չեմ տա երրորդ կողմին օգուտներ քաղել ծագած խնդիրներից»:
Հիշեցնենք նաև, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բարեգործական երթուղիներ էր մտցրել այն ուղղություններով, որոնք շահագործում է «Քինգ դե Լյուքս»-ը: Արթուր Հարությունյանի և Գագիկ Ծառուկյանի լարված հարաբերությունների ֆոնին, ի նշան բողոքի՝ այդ ընկերության վարորդները գործադուլ էին հայտարարել:









































