TOP ռադիոկայանի հաղորդմամբ` ամերիկյան Վիրջինիա նահանգի իշխանությունները փոխել են մահաբեր ներարկման պարունակությունը, որի միջոցով իրականացնում էին մահվան դատապարտվածների վճիռը:
Ռադիոկայանի փոխանցմամբ` փորձագետները նշել են, որ Վիրջինիան առաջին նահանգն է, որ փոփոխության է ենթարկել մահաբեր «կոկտեյլի» պարունակությունը` կապված դրա մեջ ներառված ամենակարևոր բաղադրիչի` երկրում առաջացած դեֆիցիտի հետ: Սակայն ավելի վաղ նույն պատճառով այլ նահանգներում ուղղակի երեք բաղադրիչ փոխարինվել էր մեկով, որի մեծ չափաբաժին օգտագործելու դեպքում մահվան դատապարտվածը ընկնում է կոմայի մեջ:
Վիրջինիա նահանգում մահվան դատավճիռն իրականացվում է երկու եղանակով` էլեկտրական աթոռի կամ մահաբեր ներարկման միջոցով, որի ընտրությունը պատկանում է դատապարտյալին: Եթե վերջինս ընտրություն չի կատարում, ապա վճիռն իրականցվում է ներարկման միջոցով:









































