Monday, 29 04 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը

1999-2002թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. երկու սպանություն, ավազակային բազմաթիվ հարձակումներ՝ Զատիկյանի բանդայի գործը

2001 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Արցախի փողոցում ծառայություն կատարող ավտոտեսուչ, 37-ամյա ավագ լեյտենանտ Արմեն Բարսեղյանը փակել է զինված հանցագործների ճանապարհն ու զոհվել արձակված կրակոցներից:

Երիտասարդ ոստիկանի սպանությունը սկիզբ է դրել շուրջ երեք տարի գործող զինված բանդայի բացահայտմանը:

Արմեն Բարսեղյանը փորձել է վնասազերծել բանդայի զինված անդամներին, բայց նրանք երկու հոգու, այդ թվում՝ ծառայողական պարտքը կատարող ոստիկանին զրկել են կյանքից:

Պարզվել է, որ այս բանդայի անդամները ներկայանում էին ոստիկանի հագուկապով ու ոստիկանի կեղծ վկայականով:

Ոստիկանի համազգեստով ծպտվելով ու ոստիկանի կոչումը յուրացնելով՝ նրանք «հեշտացնում էին» իրենց ծրագրած ծանր հանցագործությունների կատարումը:

2002 թվականի հունվարի 3-ին՝ ոստիկան Արմեն Բարսեղյանի զոհվելուց ամիսներ անց միայն կալանքի տակ է առնվել բանդայի պարագլուխը՝ Աշոտ Զատիկյանը: Քայլ առ քայլ բացահայտվել են  երկու տասնյակից ավելի հանցագործություններ:

1967 թվականին ծնված Աշոտ Զատիկյանի խնամքին ոչ ոք չկար: Նա ոչ մեկի համար պատասխանատվություն չէր կրում: Ծանր հանցագործությունների կատարումն էր նա իր համար դարձրել «աշխատանք»:

Աշոտն առաջին անգամ դատվել էր գողության համար: Մի քանի ամսով էր ազատազրկվել:

1998 թվականին Աշոտ Զատիկյանը գողացել է մորեղբոր անձնագիրը, կեղծել՝ փակցնելով իր լուսանկարը, ու եղբոր հետ մեկնել է Մոսկվա: Եղբոր ու հանցավոր խմբում ներգրավված այլ անձանց հետ Աշոտ Զատիկյանը ավազակային հարձակումներ է  կատարել հիմնականում ռուսաստանաբնակ հայ ընտանիքների վրա:

1999 թվականի մարտի 8-ի առավոտյան՝ ժամը 9-ին հարձակվել են Չիլինգարյանների ընտանիքի վրա: Բռնություն գործադրելով ընտանիքի անդամների նկատմամբ՝ հափշտակել են 11 միլիոն  772 հազար դրամին համարժեք 520 հազար ռուսական ռուբլի:

Նույն նթվականի մայիսի 31-ին, դարձյալ առավոտյան ժամը  9-ին հարձակվել են Դանիելյանների ընտանիքի վրա: Նույն ձեռագրով՝ տան անդամների նկատմամբ բռնություն գործադրելով՝ հափշտակել են 1 միլիոն 318 հազար 640 դրամին համարժեք 62 հազար 200 ՌԴ ռուբլի:

Նույն թվականի հունիսի 16-ի առավոտյան, ժամը 9-ին հարձակվել են Նադբերեժնիների ընտանիքի վրա: Նույն ձեռագրով՝ բռնություն գործադրելով՝ հափշտակել են 28 միլիոն 69 հազար 524 դրամին համարժեք 311 հազար 660 ՌԴ ռուբլի: Այս ընտանիքի անդամներին փակել են ավտոտնակում՝ կպչուն ժապավենով կապելով նրանց բերանները ու իրական վտանգ ստեղծելով նրանց կյանքի համար:

Այս հարձակումից հետո ռուս իրավապահները բռնել են Աշոտ Զատիկյանին, սակայն նա Զատիկյան չէր՝ մորեղբոր անձնագրով էր՝ Հովհաննիսյան ազգանունով:

Հունիսի վերջին նա փախել է ռուսական կալանավայրից: Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող «Հովհաննիսյանը», նույն ինքը՝ Աշոտ Զատիկյանը սկզբում մեկնել է Թբիլիսի՝ փաստական կնոջ հայրական տուն, իսկ մի քանի ամիս անց ժամանել է Երևան՝ իր հանցավոր ուղին հայրենիքում շարունակելու:

Նա ձեռնամուխ է եղել զինված բանդայի ստեղծմանն ու ավազակային հարձակումների համար թիրախներ ընտրելուն:

«Երևան» տոնավաճառում ոսկու առևտրով զբաղվող Տիգրանի վրա Զատիկյանի բանդայի հարձակումը նրա ռուսաստանյան ձեռագրով էր:

2001 թվականի հունվարի 31-ի առավոտյան դեղին «ՌԱՖ»-ը կտրուկ արգելակել է աշխատանքի գնացող Տիգրանի կողքին: Նրան բռնությամբ նստեցրել են մեքենա ու հափշտակել են մոտը եղած ոսկեղենը՝  2 միլիոն 322 հազար դրամ արժողությամբ: Ամեն բան կատարվել է մի քանի րոպեում, Տիգրանին մեքենայից  ցած են նետել իր շենքից ոչ հեռու՝ հարևանների աչքի առաջ: «Տարա՜ն»,- գոռում էր Տիգրանը ու ջանք թափում, որ մտապահի «ՌԱՖ»-ի համարանիշը:

Զուր ջանքեր: Քանի որ բանդան հարձակումների ժամանակ օգտագործվող մեքենայի համարանիշը փոխարինում էր գողացված համարանիշով…

Ըստ դատական ակտի՝ Աշոտ Զատիկյանը ոչ միայն նախապատրաստել, կազմակերպել է հանցավոր արարքները, այլև անձամբ մասնակցել է դրանց: Բանդայի հիմնական անդամներից էր նաև էջմիածինցի Գ. Մաչանյանը, ում հայտնաբերել են վերջերս, նրա և բանդայի ևս մի անդամի՝ Տ. Խաչատրյանի մասով քրեական գործի քննությունը նոր է մուտք եղել դատարան…

Բացի Զատիկյանից ու Մաչանյանից՝ հարձակման երրորդ մասնակից դառնում էր բանդայի այն անդամը, ով հարձակման համար մեքենա էր տրամադրում:

Ըստ դատական ակտի՝ հունվարի 31-ի հարձակումը կատարողներն էին Զատիկյանը, Մաչանյանը, Գյուլնազարյանը:

Միշտ չէ, որ հաջողությունը ժպտում էր բանդային: Բավական էր «շեղվեին» սովորական ձեռագրից ու կարող էին ձախողվել: Այնպես, ինչպես 2001 թվականի մարտի 4-ին ձախողվեցին, երբ հարձակվել էին տարադրամի փոխանակմամբ զբաղվող Յաղմուրյան եղբայրների վրա, նաև՝ ապրիլի 13-ին, երբ հարձակվել էին նույն գործն անող եղբայրներ Աշոտի ու Մանուկի վրա: Երկու դեպքում էլ հարձակման ենթարկվածները ակտիվ դիմադրել ու պաշտպանել են իրենց ունեցվածքը: Իսկ ձեռագրային «շեղումը» այն էր, որ հարձակվել էին ոչ թե առավոտյան, այլ՝ ուշ երեկոյան:

Յաղմուրյան եղբայրների վրա հարձակման ժամանակ նույնիսկ երկու անգամ օդ էին կրակել, բայց չէին կարողացել ոչինչ հափշտակել:

2001 թվականի ապրիլի 29-ի առավոտյան բանդայի չորս անդամներ՝ Զատիկյանը, Մաչանյանը, Համբարձումյանն ու Խաչատրյանը հարձակվել են աշխատանքի գնացող Գյուլբուդաղյանի վրա: Վերջինս նույնպես զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ: Նախորդ «ձախողումների» փորձից ելնելով՝ զոհի դիմադրությունը կոտրելու համար՝ չնայած գործ ունեին տարեց մարդու հետ, նրա դեմքին «շշմեցնող գազ» են փչել ու սպառնացել են, թե՝ «ֆալշ դոլարները տուր»: Տուժողը շշնջացել է՝ ֆալշ դոլար չունեմ, ու կորցրել է գիտակցությունը: Ուշքի է եկել ու տեսել, որ ընկած է փողոցում, գրպանները պատռված են, իսկ 318 հազար դրամին համարժեք գումարը հափշտակված է:

Մի քանի օր անց ոստիկանի համազգեստով Զատիկյանը երեք հանցընկերների հետ ներխուժել է մի բնակարան, ուր, ըստ էջմիածինյան տվյալների՝ պիտի որ հարուստ ավար լիներ: Տունը տակնուվրա են արել, տանտիրուհու քրոջը կապկպել ու սպառնացել, բայց հափշտակել են ընդամենը 55 հազար 600  դրամ արժողության ոսկե, արծաթե զարդեր:

Ընտանիքի հիմնական ոսկեղենը օրեր առաջ վաճառվել, գումարն էլ տնօրինվել էր: Նա, ով այս ընտանիքի տվյալը տվել էր ավազակներին, այդ մասին չէր իմացել…

Տուժած ընտանիքը հարձակման մասին չէր հայտնել ոստիկաններին: Այս դրվագը բացահայտվել է բանդայի անդամների բացահայտումից հետո՝ նրանք իրենք են խոստովանել այս դրվագը…

Հունիսի վերջին, առավոտ կանուխ հարձակվել են տարադրամի փոխանակմամբ զբաղվող Հախոյանի վրա: «Լավանդա» դեղատան մոտ ոստիկանի անվան տակ մոտեցել են Հախոյանին, նստեցրել «ՌԱՖ» մեքենան ու դատարկել գրպանները: Տուժողին շատ չեն նեղել՝ անփող, անմատանի իջեցրել են «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ ու հեռացել են: Ավարը 849  հազար 150 դրամ էր:

Հաջորդ տուժողը նույնպես տարադրամի փոխանակմամբ էր զբաղվում: Նրա վրա հարձակվել են հուլիսի  4-ին, առավոտյան ժամը 7-ն անց 30-ին, հենց նրա շենքի բակում: Պատուհաններից նայող հարևանների աչքի առաջ  օգնություն կանչող Ավագյանին գցել են գետնին, պատռել են բաճկոնը, գրպանից հափշտակել 55 հազար 600 դրամ ու փախել են՝ չհասցնելով հափշտակել տուժողի մյուս գրպանում եղած 2 հազար դոլարը:

Հուլիսի 27-ին, կեսգիշերն անց ավազակները հարձակում են կատարել դիմակներով, որովհետև Արմավիր-Երևան ավտոմայրուղու վրա գտնվող բենզալցակայանում նրանց կարող էին ճանաչել: Կայանի աշխատողներին պառկեցրել են գետնին, սպառնացել ատրճանակով  ու հափշտակել  50 հազար դրամ:

Մեկ ժամ անց նույն խումբը Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող «Ծովակ և Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող խանութ է մտել, կրակել են դարակներին, սպառնացել զենքով: Խանութի աշխատողը նրանց է հանձնել խանութում եղած 200 հազար դրամը:

Հաջորդ օրը բանդան դարձյալ «մեծ ճանապարհ» է դուրս եկել: Գիշերվա ժամը 3-ին հարձակվել են «Վառ հուշեր» ՍՊԸ աշխատողների վրա, հափշտակել են 10 հազար 670 դրամ՝ իրենց մասին «վառ հուշեր» թողնելով…

Բենզալցակայանների, տարադրամի փոխանակման կետերի վրա գիշերային հարձակումները շարունակել են: Օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 7-ը ևս  7 հարձակում է եղել: Ավարը տարբեր էր լինում, այն բաժանում էին միմյանց միջև ու անմիջապես ձեռնամուխ լինում նոր «տվյալի» մշակմանն ու նոր հարձակման նախապատրաստությանը:

«Հայաստան» հանրախանութում ոսկու առևտրով զբաղվող Անդրանիկ Ք.-ն բանդայի տեսադաշտում հայտնվել է որպես հերթական զոհի թեկնածու: Սկսել են հետևել նրան, ուսումնասիրել սովորությունները, ռեժիմը: Իմացել են, որ թանկարժեք զարդերը հետը տուն է տանում, տանից՝ հանրախանութ: Ուրեմն՝ հարձակումը կարող էին ճանապարհին կազմակերպել: Պարզել են, որ Անդրանիկը, իր ոսկե զարդերով հանդերձ, հիմնականում նստում է 76 համարի երթուղայինը:

Երևան-Վայք երթուղային գծի վարորդ Արթուր Գյուլնազարյանը բանդայի անդամներից էր, հարկ եղած դեպքում նա տրամադրում էր իր «ՌԱՖ»-ը: Այս անգամ Էրեբունու գյուղմթերքների շուկայի մոտից պիտի զոհին «վերցնեին», Գյուլնազարյանը այդ վայրում շատ ծանոթներ ուներ, խուսափել է այս հարձակմանը մասնակցելուց: Ներգրավել են Երևան-Վայք երթուղու կարգավար Մանվել Մուրադյանին՝ խոստանալով, որ հարձակման ժամանակ ճիշտ է՝ զինված են լինելու, բայց գործելու են մաքուր՝ արյուն չեն թափելու: Մուրադյանը Գյուլնազարյանի «ՌԱՖ»-ի ղեկին նստելու համաձայնություն է տվել:

2001 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ ժամը 9-ն անց 30-ին  «76» համարը կրող բեժ գույնի «ՌԱՖ»-ը կանգառում կանգնել է Անդրանիկ Ք.-ի կողքին: Ոչինչ չկասկածելով՝ Անդրանիկը նստել է մեքենա: Կանգառում կանգնած մի աղջիկ էլ, մտածելով, թե իրական «76» համարի երթուղայինն է՝ նույնպես նստել է ավազակների մեքենան:

Մեքենան շարժվել է: Մի քանի րոպե անց Զատիկյանն ու Մաչանյանը հարձակվել են Անդրանիկի վրա, ծեծել են, ատրճանակներով սպառնացել ու հափշտակել են  պայուսակը: Մեքենան ընթանում էր Արցախի փողոցով:

Ավտոտեսուչները նկատել են, որ «ՌԱՖ»-ի մեջ կասկածելի իրարանցում է: Կանգնելու ազդանշան են տվել:

Զատիկյանը Մանվելին կարգադրել է չկանգնել: Ավտոտեսուչներն ավելի են կասկածել ու սկսել են հետապնդել արագընթաց «ՌԱՖ»-ը: Զատիկյանը որոշել է ռիսկի դիմել, կանգնել ու «լեզու գտնել» ոստիկանների հետ: Տուժողն այդ պահին ուշագնաց էր:

«Երթուղայինը» կանգնել է: Ավտոտեսուչը վարորդից պահանջել է փաստաթղթերը: Ուղևորներին խնդրել է իջնել:

Կատարվածից ահաբեկված աղջիկը իջել ու հեռացել է: Մաչանյանը, իբր պատահական ուղևոր է, փորձել է հեռանալ:

Զատիկյանը սկսել է «լեզու թափել»՝ փորձելով շարժել ոստիկանի գութը: Բայց այդ ժամանակ մեքենայից իջել է ուշքի եկած Անդրանիկը, գոռացել է, թե հանցագործներ են, հարձակվել է Զատիկյանի վրա: Ոստիկանների ներկայությունը վստահություն էր ներշնչել Անդրանիկին: Նա վախենում էր, որ ավազակները կարող էին փախչել՝ տանելով իր ունեցվածքը: Զատիկյանը անակնկալի է եկել, գոտկատեղից հանել ատրճանակն ու պահել Անդրանիկի վրա: Ոստիկան Արմեն Բարսեղյանը կանգնել է զինված հանցագործի ճանապարհին:

Աղմուկը լսելով՝ Մաչանյանը հետ է եկել: Նա ևս զենք է հանել: Ծանր ակնթարթներ էին: Ու հնչել են կրակոցները: Զատիկյանի կրակոցից, ըստ դատական ակտի, սպանվել է Անդրանիկ Ք.-ն, իսկ Մաչանյանի կրակոցը, ըստ դատական ակտի, մահացու է եղել ոստիկան Արմեն Բարսեղյանի համար…

Հանցագործները հասցրել են փախչել իրենց «ՌԱՖ»-ով: Նախ միմյանց միջև բաժանել են արյունոտ ավարը՝ 31 հազար 567 դոլար արժողության զարդեր և գումար: Ապա որոշել են առժամանակ դադարեցնել հարձակումները՝ մինչև աղմուկը մարի:

Զատիկյանը սկզբում թաքնվել է նույն մորեղբոր տանը, ում անձնագիրը ժամանակին գողացել և ում անունով գործել էր Ռուսաստանում: Հափշտակած ոսկեղենից մի բարակ ոսկե շղթա էլ նվիրել է մորեղբոր դստերը՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ապա մեկնել է Թբիլիսի, որտեղ էլ հայտնաբերվել է 2002 թվականի հունվարի 3-ին:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում այս գործով վեց ամբաստանյալ էին: Գևորգ Մկրտչյանն ու Կոնստանտին Մարգարյանը դատավճիռը չեն բողոքարկել: Մյուսների մասով գործը մտել է վերաքննիչ դատարան:

Չորս ամբաստանյալներից մեկը՝ վերջին, արյունոտ հարձակման ժամանակ «ՌԱՖ»-ի ղեկին նստած Մանվել Մուրադյանը մահացել է՝ վերաքննիչ ատյանում դատաքննության ընթացքում:

Արմեն Համբարձումյանը դատապարտվել է 8 տարի, Արսեն Զարգարյանը՝ 7 տարի ազատազրկման: Բանդայի պարագլուխ Աշոտ Զատիկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Բանդայի անդամներից՝ Գ. Մաչանյանն ու Տ. Խաչատրյանը նոր են հայտնաբերվել ու դեռ նոր պիտի կանգնեն դատարանի առաջ… Բանդայի որոշ անդամների ինքնությունը դեռ պարզված չէ, մեկ հոգի էլ դեռ հետախուզման մեջ է: Նրանց մասով գործի քննությունը շարունակվում է…

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում