Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա կատարած այցի շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի, Ուկրաինան Անկարայից 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական օգնություն կստանա ուկրաինական բանակի կարիքների համար: Այս մասին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգը:
Նա ասել է, որ ռազմական օգնությունը կտրամադրվի նոր զինատեսակների գնմանը: «Նախորդ տարիներին եւս մենք համապատասխան գործարքներ ենք կնքել»,-ընդգծել է Սիբիգը:
Դրանից բացի, Էրդողանի այցի շրջանակներում պայմանագրեր են կնքվել միգրացիոն համագործակցության եւ երկու երկրների արտակարգ իրավիճակներում համագործակցության մասին: «Մենք նաեւ հույս ունենք, որ համաձայնագիր կկնքվի երկու երկրների կողմից վարորդական իրավունքի ճանաչման մասին, ինչը կարեւոր քայլ է երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում»,-նշել է դեսպանը:
Նա հավելել է, որ Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների նախատեսված հանդիպման օրակարգում կլինեն «բոլոր հիմնական հարցերը ՝ քաղաքական երկխոսության ակտիվացումից մինչև տնտեսական համագործակցության խորացման համար ճիշտ պայմանների ստեղծում, մարդկանց միջև շփումներ, մշակութային համագործակցություն»: