Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն իր հետ զրույցում ակնարկել է Բաշար Ասադին ուղղված ակտիվ աջակցությունը դադարեցնելու պատրաստակամության մասին։ Էրդողանը, ով հայտնի է որպես Ասադի ոխերիմ հակառակորդ, հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայի ապագան չի կարող կապված լինել ներկայիս նախագահի հետ։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
Էրդողանի խոսքով՝ Պուտինն իրեն ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պաշտպանել Ասադի շահերը։ «Էրդողա՛ն, ինձ ճի՛շտ հասկացեք։ Ես չեմ արդարացնում Ասադին, ես նրա փաստաբանը չեմ»,-Պուտինի խոսքերն է գործակալության հետ հացազրույցում մեջբերել թուրք նախագահը։
Կրեմլում Էրդողանի այդ հայտարարությունը դեռևս չեն մեկնաբանել։
«Քանի դեռ Ասադը գտնվում է իշխանության ղեկին, Սիրիայում լուծում գտնելն անհնարին կլինի։ Նա հարձակվել է իր քաղաքացիների վրա տանկերի, թնդանոթների, կասետային ռումբերի, քիմիական զենքի և կործանիչների օգնությամբ։…Այդ մարդիկ լքել են իրենց հայրենիքը։ Ինչու՞։ Բացառապես Ասադի պատճառով»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ բազմաթիվ իդեալական թեկնածուներ կան երկրի ապագա առաջնորդի դերի համար։