Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանում կարող է բարձրացվել զորակոչային տարիքը: Այս մասին այսօր հայտարարել է «Իրավունք և ազատություն» ասոցիացիայի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին.
«Անհրաժեշտ է ներկայիս 18-27 տարի կազմող զորակոչային ժամկետը հասցնել 20-27-ի: 18 տարեկանում երիտասարդները թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումներով պատրաստ չեն լինում զինծառայությանը: Սա հաստատում են նաև բժշկական փորձագետներն ու հոգեբանները: Ավելին` զորակոչային վաղ ժամկետը միջնակարգ դպրոցների շրջանավարտներին խանգարում է ԲՈՒՀ ընդունվելու համար:
Մինչև կրթական նոր բարեփոխումը, աշակերտները դպրոցն ավարտում էին 16-17 տարեկանում, և մինչև բանակ զորակոչվելը նրանց տրամադրության տակ մնում էր 1 տարի: Մինչդեռ ներկայումս դպրոցն ավարտում են 18 տարեկանում, և դրանից անմիջապես անց տղաները ստիպված են լինում հայտնվել բանակում»:
Հիշեցնենք, որ Վրաստանում զինակոչիկների քանակը որոշվում է բանակի կարիքների և ոչ թե 18-27 տարեկան արական սեռի բնակչության քանակի հիման վրա: