Գերմանական Դյուսելդորֆի դատարանն անօրինական է ճանաչել Facebook սոցցանցի՝ կայքերում տեղադրված «Ինձ դուր է գալիս» կոճակի միջոցով անձնական տվյալների փոխանցումը: Այս մասին հայտնում է Independent-ը:
Դատավճռի համաձայն՝ Peek & Cloppenburg ընկերությունն առանց համապատասխան ծանուցման անձնական տեղեկություն է հավաքել իրեն պատկանող Fashion ID վեբկայքի միջոցով, որը զբաղվում է հագուստի վաճառքով:
Հաղորդվում է, որ տվյալներն ուղարկվել են, անկախ նրանից՝ օգտատերը սեղմե՞լ է «Ինձ դուր է գալիս» կոճակը, թե՞ ոչ: Այժմ առևտրային կազմակերպությանը սպառնում է ընդհուպ մինչև 250 հազար եվրոյի չափով տուգանք՝ գաղտնիության խախտման յուրաքանչյուր բացահայտված դեպքի համար:
Facebook-ում տեղի ունեցածը համարում են մասնավոր դեպք, որը վերաբերում է միայն կոնկրետ մեկ կայքի անցյալին: ««Ինձ դուր է գալիս» կոճակը, ինչպեսև շատ այլ գործառույթներ, որոնք օգտագործվում են վեբկայքերի ներգրավվածության համար, համացանցի համընդհանուր ընդունված, օրինական և կարևոր մասն է, և որոշումը (դատարանի) դա չի փոխի»,- պնդում է սոցցանցի ներկայացուցիչը:










































