Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաստատել է իր թիմի ավագի՝ Դարիո Սրնայի խոսքը, որ «Նորդշելանդ»-ի խփած երկրորդ գոլն իր ակումբը միտումնավոր է բաց թողել:
– Հենրիխ, մեկնաբանիր, խնդրեմ, Լուիս Ադրիանոյի առաջին գոլը.
– Ես տեսա, որ նա մեն-մենակ է դուրս եկել ու գոլ է խփում: Դրանից առաջ ինչ էր եղել՝ չեմ տեսել: Այլ թիմերի գործողությունները մեկնաբանելն իմ գործը չէ: Իսկ Լուիս Ադրիանոն ուղղակի իր գործն էր անում:
– Այն բանից հետո, երբ Լուիս Ադրիանոն գոլ խփեց, «Նորդշելանդ»-ի ֆուտբոլիստները բառիս բուն իմաստով հարձակվեցին ձեզ վրա. ի՞նչ էին նրանք ասում.
– Ապացուցում էին, որ դա արդար գոլ չէր. արդար խաղի կանոններն էին խախտվել:
– Անկեղծ ասա՝ «Նորդշելանդ»-ի խփած երկրորդ գոլը միտումնավո՞ր բաց թողեցիք.
– Այոʹ, միտումնավոր: Թիմն այդպես որոշեց: Երկրորդ գոլի ժամանակ մենք չխանգարեցինք նրանց, որպեսզի արդարությունը վերականգնվի: Արդյունքում, մենք ոչ թե երկու կամ երեք գոլ խփեցինք, այլ հինգ. ի՞նչ հարց կարող է լինել:








































