Մարտի 6-ին կայացած՝ Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղապետի ընտրություններում «վերընտրվեց» գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վլադիմիր Սարկիսյանը։ Սակայն ընտրությունները անցել էին բացահայտ խախտումներով, ուստի այսօր թեկնածուներից մեկ այլ հանրապետական Վահան Մարգարյանից տեղեկացանք, որ մարտի 27-ին արտահերթ ընտրություններ են նշանակվել։ Իսկ 3-րդ թեկնածուն անկուսակցական Գյուլնազ Գրիգորյանն է։
Ի դեպ, Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին մասնակցելու գրանցում են ունեցել 122 ընտրող, այնինչ ընտրություններին նախորդող 10 օրերի ընթացքում ընտրողների թիվը հասել է 181-ի:
Արդյունքում ընտրությունների օրը` ժամը 11.00-ի սահմաններում, քվեաթերթիկներն արդեն սպառվել են, և գյուղի մոտ վաթսուն բնակիչներ չեն կարողացել մասնակցել ընտրություններին: Իսկ ՀՀԿ անդամ Վլադիմիր Սարկիսյանը գյուղապետ է ընտրվել 3 ձայնի առավելությամբ: