Դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդը` Կարեն Արայանը, Նուբարաշենի ՔՀԿ-ում շարունակում է ավելի վաղ հայտարարած անժամկետ հացադուլը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Ըստ նրա` Արայանին այցելել են բժիշկներ, և նա բժշկական անմիջական հսկողության տակ է:
Հիշեցնենք, որ Կարեն Արայանը կարել է բերանը և անժամկետ հացադուլ հայտարարել իր ապօրինի ազատազրկման և իր նկատմամբ առաջադրված անհիմն մեղադրանքի համար: Ավելին, ՔՀԿ-ից Կարեն Արայանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին և ԱԺ նախագահին: Նամակում դերասանուհու տղամարդը պնդում է, որ անհիմն մեղադրվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրական բնույթի լուսանկարներ տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Նա նաև նշել էր, որ ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների և ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ուստի նաև տեղեկացրել էր, որ հացադուլից դուրս կգա, երբ լինի ազատության մեջ:








































