Արևմուտքի կողմից Դամասկոսի հուլիսի 18-ի ահաբեկչության դատապարտումից հրաժարվելը անհասկանալի է Ռուսաստանի համար: Արևմուտքի վերջին հայտարարությունները ահաբեկչության ուղղակի արդարացում են: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Որպես օրինակ՝ Լավրովը բերել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզան Ռայսի հայտարարությունը: Վերջինս այդ ահաբեկչությունն անվանել էր ապացույց այն բանի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն չպետք է հապաղի Սիրիայի դեմ բանաձև ընդունելու հարցում:
Լավրովի խոսքերով, այլ կերպ ասած՝ դա նշանակում է՝ «կպաշտպանենք այդպիսի ահաբեկչական գործողությունները, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չանի այն, ինչ մենք ցանկանում ենք»:
Նա նաև հիշատակել է ամերիկացի այլ դիվանագետների հայտարարություններ, որոնցում, նրա խոսքերով, «ուղղակիորեն արդարացվում է ահաբեկչությունը»:
Հիշեցնենք. Դամասկոսում հուլիսի 18-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել են երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:









































