Տաջիկստանի իսլամական վերածնունդ կուսակցության քաղխորհուրդը կոչ է արել հանրապետության իշխանություններին դադարեցնել Լեռնային Բադահշանի ինքնավար մարզում Թալիբ Այոմբեկովի խմբավորման դեմ ռազմական գործողությունները:
«Զոհերից խուսափելու համար Տաջիկսատանի իսլամական վերածնունդ կուսակցության քաղխորհուրդը կոչ է անում հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները և քայլեր ձեռնարկել շրջանում խաղաղության և կայունություն ապահովելու համար»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է RIA Novosti-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հակամարտության օպտիմալ լուծումը ոչ ռազմական գործողություններն են և կողմերի միջև կառուցողական երկխոսությունը:
Հուլիսի 24-ին Լեռնային Բադահշանի ինքնավար մարզում հատուկ գործողություններ են տարվում Թալիբ Այոմբեկովի խմբավորման չեզոքացման համար: Տաջիկստանի իշխանությունները հենց այդ խմբավորման վրա են դրել հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլլահ Նազարովի սպանության պատասխանատվությունը:
Պաշտոնական տվյալներով՝ հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է խմբավորման 30 անդամ, ևս 40-ը ձերբակալվել են: Հաղորդվում է նաև, որ զոհվել է ուժային կառույցների 12, վիրավորվել՝ 23 անդամ: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան:









































