Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին այցելել է Բոսնիա և Հերցեգովինայում գտնվող Մեջուգորյե քաղաք, որտեղ ըստ տարածված կարծիքի` տեղի է ունենում Սուրբ Աստվածածնի հայտնությունը:
Ըստ տեղեկատվության` Մեսսին անցած կիրակի անձնական ինքնաթիռով մեկնել է խորվաթական Դուբրովնիկ քաղաք, որտեղից ավտոմեքենայով ուղևորվել է Մեջուգորյե:
Անցած ամիսներին այդ քաղաք են այցելել ֆուտբոլային աշխարհի այլ հայտնի դեմքեր: Մարտին Մեջուգորյե է մեկնել «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, իսկ հուլիսի 3-ին` Իտալիայի ազգային ընտրանու և «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:
Կաթոլիկները Մեջուգորյեն սրբավայր են համարում: Աստվածածնի հայտնության առաջին հիշատակումները վերաբերում են 1981 թվականին: Նշենք սակայն, որ կաթոլիկ եկեղեցին այս երևույթը պաշտոնապես չի ընդունում:








































