Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) թեկնածուն լինելու է ԵԱԿ-ի նախագահ, գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱԿ-ի գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:
ԵԱԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ Մուբարիզ Ղուրբանլըն հայտարարել է. «ԵԱԿ-ը պետության ղեկավարի համար չունի որևէ այլ թեկնածու, բացի Իլհամ Ալիևից: Ես չեմ հասկանում, թե ինչու են մի շարք ընդդիմադիր ԶԼՄ-ներ կեղծիք տարածում այդ կապակցությամբ: Մենք կարծում ենք, որ Իլհամ Ալիևը ոչ միայն մեր թեկնածուն է, այլև՝ ողջ ադրբեջանական ժողովրդի թեկնածուն:
Իլհամ Ալիևի նախագահության տարիներին Ադրբեջանը մեծ հաջողություններ է արձանագրել տարածաշրջանում: Միայն նախանձից կուրացած ընդդիմադիրները չեն կարող դա տեսնել: Երկրի Սահմանադրության մեջ չկան նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման սահմանափակումներ: Դրա համար էլ չպետք է շահարկել այդ հարցը: Իսկ արմատական ընդդիմադիր առաջնորդները մեզ քիչ են հետաքրքրում»:








































