TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ընթրիքի սեղանի շուրջ հանդիպել է թուրք մարզիկների հետ, որոնք Լոնդոնի Օլիմպիական խաղերում ներկայացնելու են Թուրքիան:
Հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է. «Այս տարի Թուրքիան Օլիմպիական խաղերում ունենալու է 181 մարզիկ, որոնցից ավելի քան 80-ը կանայք են: 1936 թվականից սկսած՝ դա ռեկորդային ցուցանիշ է Թուրքիայի համար: Օրինակ՝ 2008 թվականին Պեկինում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ Թուրքիան ներկայացված է եղել ընդամենը 68 մարզիկով: Բացի այդ՝ այդչափ մարզուհիների մասնակցությունն Օլիմպիական խաղերին հանդիսանում է մուսուլման երկրների շրջանում ամենաբարձր ցուցանիշը:
Մեր ղեկավարման 9.5 տարիներին սպորտին պետբյուջեի հատկացումներն աճել են 70 տոկոսով: Դա ի ցույց է դնում սպորտի նկատմամբ մեր ցուցաբերած կարևորությունը: Մենք մարզիկների քանակն ավելացրել ենք 10 անգամ: Մարզական ակումբների քանակը 6000-ից հասցրել ենք մինչև 11,077-ի:
28 քաղաքներում կառուցվել են լողավազաններ: Կառուցվել է 152 սպորտային օբյեկտ: Ներկայումս 18 քաղաքներում ընթանում է մարզադաշտերի կառուցումը: Թուրքիայի ողջ պատմության մեջ մենք առաջին անգամ ենք Օլիմպիական խաղերին ուղարկում այդչափ մարզիկներ»:








































