«Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին և բնականաբար մենք` պատգամավորներս, ջանք չենք խնայի, որպեսզի ժամանակի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի»:
Ինչպես հաղորդում է ИА REGNUM-ի թղթակիցը Ստեփանակերտից, այս մասին հաղորդել է ՌԴ Պետդումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Բալբերովը, որը հետևում էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունների ընթացքին:
«Արևմուտքն անդադար խոսում է ժողովրդավարության մասին, սակայն արևմտյան սցենարով ժողովրդավարությունը միշտ բազմակողմանի է: Նման բան չի կարող լինել. Կոսովոն ճանաչվել է, իսկ Լեռնային Ղարաբաղը`ոչ: Ինչի հիման վրա: Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ հակամարտություններ են եղել, պատերազմ է եղել, բարեփոխումներ են եղել: Ինչո՞ւ են այնտեղ ճանաչում, իսկ այստեղ`ոչ: Նշանակում է` Արևմուտքին այդպես է ձեռնտու: Իսկ այդ դեպքում դա ժողովրդավարություն չէ»,- նշել է Բալբերովը:
ՌԴ Պետդումայի ԼԴԿ մեկ այլ պատգամավոր` Իվան Սուխարովը, ընդգծել է, որ «ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները կայացել են, եղել են արդար, ազնիվ, և ոչ-ոք իրավունք չունի բացասական գնահատական տալու:
ՌԴ Ներկայացուցիչների պալատի անդամ Դենիս Դվորնիկովը հայտարարել է, որ «հարց չի դրվում այն մասին, թե որքանով է այսօր ԼՂՀ-ն համապատասխանում պետություն հասկացությանը»: «Գոյություն ունի ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի իմպերատիվ նորմ, և այն ավելի բարձր է, քան տարածքային ամբողջականության վերաբերյալ երևակայությունները»,- նշել է նա:









































