Հուլիսի 19-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունները ծայրահեղ կարևոր էին ԼՂՀ ժողովրդի և նրա ապագայի համար: «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում նման տեսակետ հայտնեց «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի ղարաբաղյան համակարգող Կարեն Օհանջանյանը:
«Ժողովուրդը երեկվա ընտրություններով կարողացավ ապացուցել, որ հավատում է իր ուժերին և կարող է հակազդել մանիպուլյացիաներին: Այսպիսի բան ժամանակակից ԼՂՀ պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում»,- ասաց նա:
Կարեն Օհանջանյանի խորին համոզմամբ՝ չնայած պաշտոնական տվյալներին, ԼՂՀ նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը: «Արցախի գործող իշխանությունների այլընտրանքը հաղթեց ընտրություններում: Իհարկե, այդ ընտրությունների արդյունքները կարելի է վիճարկել, սակայն մի բան հաստատ է. ընդդիմությունը վստահություն ձեռք բերեց, ներկայացրեց իր ծրագիրը, որն էլ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Վերջնական արդյունքում ընդդիմությունն այսօր հստակ ձևավորված կառուցվածք ունի: Ավելին, իմ կարծիքով, մոտ ժամանակներս պաշտոնապես ընդդիմադիր ուժերի կոալիցիա կստեղծվի»,- ամփոփեց «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի ղարաբաղյան համակարգողը:
Հիշեցնենք՝ ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 19-ին: Դրանցում հաղթանակ է տարել Բակո Սահակյանը:
Նախագահի մյուս թեկնածու Վիտալի Բալասանյանին ձայն է տվել ընտրողների գրեթե մեկ երրորդը:








































