Ժառանգությունից զրկված փոփ արքայի ընտանիքի 5 անդամները բարձրաձայնել են այն մասին, որ փաստաբանները կեղծել են Մայքլ Ջեքսոնի կտակի վրա դրված ստորագրությունը: Աստղի քույրերն ու եղբայրները՝ Տիտոն, Ռենդին, Ջերմենը, Ջանեթն ու Ռեբին, պահանջել են, որպեսզի երգչի ունեցվածքի բաշխմամբ զբաղվող փաստաբաններ Ջոն Բրանկան և Ջոն Մաքքեյնը հեռանան գործից: Այս մասին հաղորդում է New York Daily News-ը:
«Մեր եղբայրը մահից ամիսներ առաջ մեզ հայտնել է` չէր ցանկանա, որ դուք երկուսդ զբաղվեիք իր կյանքով և ունեցվածքով»,- գրում են Ջեքսոնի հարազատները: Նրանց խոսքով՝ իրենք ապացույց ունեն, որ կտակը ստորագրելիս Մայքլը Նյու Յորքում է եղել, ոչ թե Լոս Անջելեսում:
Իր կտակում Ջեքսոնը որպես իր ունեցվածքի շահառուներ հիշատակել է մոր՝ 82-ամյա Քեթրին Ջոնսոնի և երեխաների անունները: Ներկայում երգչի մայրը խնամում է հանգուցյալ որդու երեխաներին՝ 14-ամյա Փերիսին, 15-ամյա Փրինսին և 10-ամյա Բլանքեթին:









































