Աշխարհում խոշորագույն eBay օնլայն աճուրդի բաժնետոմսերը հուլիսի 19-ի վաճառքի առաջին րոպեներին աճել են 10 տոկոսով՝ գերազանցելով մեկ բաժնետոմսի դիմաց 44 դոլարը:
Ընկերության բաժնետոմսերի աճը պայմանավորված է 2012-ի երկրորդ եռամսյակում eBay-ի աշխատանքի արդյունքների վերաբերյալ տվյալների հրապարակմամբ: Այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին՝ 2011-ի երկրորդ եռամսյակի համեմատ, ինտերնետ խանութի եկամուտը ավելացել է 23 տոկոսով՝ հասնելով 3,4 միլիարդ դոլարի: Մաքուր շահույթը կազմել է 692 միլիոն դոլար կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,53 դոլար:
eBay ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին: Ներկայումս նրան են պատկանում PayPal վճարային համակարգն ու Marketplaces ինտերնետ գնումների սեփական հարթակը: 2011 թվականի տվյալներով՝ eBay-ի եկամուտը կազմել է 11,65 միլիարդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 3,23 միլիարդ դոլար:









































