Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան այսօր հայտարարել է «Էմմի» մրցանակի հավակնորդների անունները: Մրցանակաբաշխությունը Օսկարի հեռուստատեսային նմանակն է: Հաղթողներին տրվում է թևավոր կնոջ ոսկե արձանիկ, որի ձեռքում ատոմի մոդելն է: Կնոջ հրեշտակային թևերը խորհրդանշում են հեռուստատեսությունը՝ որպես արվեստ, իսկ ատոմը` որպես գիտություն: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը:
Մրցանակը շնորհվում է ավելի քան 100 անվանակարգերում: «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում ներկայացված են «Աղջիկները», «Չափավորիր ոգևորությունդ», «Ստուդիա 30» սերիալները, «Ժամանակակից ընտանիքը» և «Մեծ պայթյունի տեսությունը»:
«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում առաջադրվել են «Ապօրինի կայսրությունը», «Դաունթոն աբբայությունը», «Մոլագար տղամարդիկ», «Յուրայինների մեջ օտարը», «Գահերի խաղը», «Ցնցող վատը»:
«Խաղը փոխվել է», «Սարսափների ամերիկյան պատմությունը», «Հեմինգուեյն ու Գելհորը» սերիալները մրցանակի են առաջադրվել «Լավագույն մինի սերիալ» անվանակարգում:
Ջոն Հեմն ու Էլիզաբեթ Մոսը մրցանակի են առաջադրվել «Լավագույն դրամատիկ դերասան» և «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգերում:
«Էմմի» 64-րդ մրցանակաբաշխության արարողությունը կկայանա Հոլիվուդում` սեպտեմբերի 23-ին: Միջոցառումը կվարեն կատակերգուներ Ջիմի Քիմելը և Քերի Վաշինգթոնը:








































