Ինչպես տեղեկացնում է Glendale News Press-ը, Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է հայազգի 26-ամյա Վահագն Ստեփանյանին` ստացված մի քանի բողոքների հիման վրա:
Նախկինում գողության մեջ մեղադրված, սակայն ազնիվ խոսքով ազատ արձակված տղամարդուն ձերբակալել են Montrose առևտրի կենտրոնի կայանատեղիի մոտ` հերոինի վաճառք իրականացնելու կասկածանքով: Նա իրեն մեղավոր չի ճանաչել:
Լոս Անջելեսի շրջանային Գերագույն դատարանի տվյալներով` նրա դեմ առաջադրվել է թմրանյութերի ապօրինի պահման, վաճառքի և հրազենի գործադրման` 6 կետից բաղկացած մեղադրանք:
Եվս երկու հայազգի տղամարդ` Փասադենայից 19-ամյա Տիգրան Զմրուխտյանն ու Գլենդելից 26-ամյա Նվերիկ Յաղումյանը մեղադրվում են թմրանյութերի ապօրինի պահման մեջ: Նրանք ենթադրաբար գնել էին հերոինն ու փորձում էին հեռանալ, երբ Գլենդելի ոստիկանությունը կանգնեցրել է նրանց:
Ոստիկանությունը երկուշաբթի հետաքննություն էր սկսել հայազգի Ստեփանյանի գործով: Նրա մասին բողոքներ են ստացվել այն մասին, որ նա թմրանյութեր է վաճառում: Խուզարկուները նկատել են, թե ինչպես է Ստեփանյանը Գլևուդ փողոցի և Հոնոլուլու պողոտայի վրա գտնվող երկհարկանի առևտրի կենտրոնին հարակից ծառուղում ինչ-որ բան փոխանակում մոտոցիկլավարի հետ:
40 րոպե անց խուզարկուները Ստեփանյանին տեսել են Զմրուխտյանի և Յաղումյանի հետ կասկածելի գործարք կատարելիս: Ոստիկանության տվյալներով` վերջիններս մեքենայում են եղել, մոտենալով Ստեփանյանին` Յաղումյանը պատուհանից հերոինով լցված տոպրակ է դուրս բերել: Խուզարկուները ուսումնասիրելով Ստեփանյանի դրամապանակը` այնտեղից 1100 դոլար են հայտնաբերել:
Այնուհետև ոստիկանությունը խուզարկել է Հերոսիմա պողոտայի վրա գտնվող նրա բնակարանը, որտեղ նա բնակվում է մորաքրոջ հետ: Նրա սենյակում խուզարկուները հայտնաբերել են հերոին, ներարկիչներ, թվային կշեռքներ, բազմաթիվ պլաստիկ տոպրակներ, կանխիկ գումար, զենք-զինամթերք:
Իշխանությունների տվյալներով` Ստեփանյանն ունեցել է տարբեր տարիքի հաճախորդներ: Վերջինս «իր հաշվի վրա» ունի մի քանի հանցանքներ` թմրանյութերի և զենքի ապօրինի պահում, կողոպուտ և մանր գողություն:
Ձերբակալությունները տեղի են ունեցել Crescenta Valley-ի Թմրանյութերի և ալկոհոլի կանխարգելման կոալիցիայի հանդիպումից օրեր անց, որտեղ քննարկվել է դեռահասների շրջանում թմրանյութերի վաճառքի հնարավորությունը բացառելու հարցը:
«Մեր համայնքի ներկայացուցիչներից շատերի համար հերոինը «անծանոթ» չէ»,- ասել է կոալիցիայի ղեկավար, ոստիկան Մեթ Զաքարյանը` նշելով, որ կոալիցիան քայլեր է ձեռնարկում` կանխելու թմրանյութերի վաճառքը: Զաքարյանը ծնողներին կոչ է արել օգնել երեխաներին ուժ և քաջություն գտնելու հարցում` թմրանյութերի չարաշահումը կանխելու համար: Նա բնակիչներին կոչ է արել թմրանյութերի առուվաճառքի վերաբերյալ կասկածների դեպքում դիմել ոստիկանություն:








































