Ռուսական Красная звезда թերթին տված հարցազրույցի ժամանակ ռուս դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին (1992-1996) համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտությունը ԽՍՀՄ փլուզման տարիներին գրանցված ամենաառաջին և առավել կատաղի հակամարտություններից մեկն է: Ղարաբաղյան բանակցային գործընթացը մեկնարկել է 1991 թվականի սեպտեմբերին՝ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և նրա ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի այցով: Իսկ 1994 թվականի մայիսին Ռուսաստանը օգնել է հակամարտող երեք կողմերին կնքել անժամկետ զինադադար:
Դրան զուգահեռ՝ Ռուսաստանը 1992 թվականի մարտից բանակցություններ է վարել խնդրի կարգավորման ուղղությամբ, իսկ 1997 թվականին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հակամարտող կողմերի հետ բանակցում են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Ղարաբաղյան հակամարտությունը ավելի շատ շոշափում է մեր շահերը, քան՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերը, քանի որ Անդրկովկասի ժողովուրդներն ավելի մոտ են գտնվում Ռուսաստանին:
Բանակցային գործընթացն անցել է մի շարք փուլեր, սակայն այն դեռ չի տվել ցանկալի արդյունք: Դրա հետ մեկտեղ այն օգնել է պահպանել հրադադարի ռեժիմն ընդհանրապես՝ չնայած շփման գծում գրանցվող վտանգավոր միջադեպերին: 2007 թվականի վերջից՝ լարված ընթանում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, որոնք պետք է կազմեն խաղաղության համաձայնագրի հիմքը:
Կողմերի գլխավոր տարաձայնությունը կայանում է հետևյալում. Բաքուն չի ցանկանում համաձայնել Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ու իրավաբանորեն պարտադրող հանրաքվեի անցկացմանը՝ դրա կարգավիճակի հստակեցման համար:
Միջազգային հանրությունը և միջնորդները հենց դրանում են տեսնում հակամարտությունից դուրս գալու ելքը: Բաքուն համաձայն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի անցկացմանը միայն ողջ Ադրբեջանի մասշտաբով և այդ կարգավիճակը պետք է լինի բացառապես պետության կազմում:
Իլհամ Ալիևի հայրը բանակցային գործընթացում ավելի դիվանագետ էր, և հասկանում էր, որ նմանատիպ մոտեցումը բանակցությունները կմտցնի փակուղի: Ընդ որում, Բաքուն թաքցնում է, որ 7 շրջանների գրավումն ահնար կլիներ, եթե նա ակնհայտ սխալ հաշվարկներ չաներ ամեն գնով հաղթանակի հասնելու համար և համառ ցանկություն ցուցաբերեր ժամանակին բոլոր ռազմական գործողությունների դադարեցման համար:
Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկան կապված է շփման գծի միջադեպերի հետ: Դրանք պատահական չեն և նպատակամղված են «զավթիչին հանգիստ չտալուն»: Հենց դրա համար էլ հակամատող կողմերից մեկը հրաժարվում է առաջնային դիրքերից հետ քաշել դիպուկահարներին ու չի ցանկանում շփման գծի միջադեպերի հետաքննման մեխանիզմի գործարկում:
«Հրադադարի ռեժիմի ամրագրման» մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 1995 թվականի փետրվարին, սակայն այն համառորեն չի իրագործվում: Ցավալի է, որ միջնորդները բառեր չեն գտնում կամ «ամաչում» են որակում տալ կողմերի այդ գործողություններին և փաստացիորեն զիջողական դիրք են որդեգրում նրանց նկատմամբ:
Պետք է փաստել, որ ներկայումս կողմերն ակնհայտորեն պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը: Հայաստանում և Ադրբեջանում մոտեցող ընտրությունները բացառում են առաջիկա երկու տարում այս հարցում նրանց կողմից ճկունության ցուցաբերումը:
Չնայած ընտրություններին՝ երկու երկրներում հնարավոր է աշխատել հասարակական կառույցների ու փորձագիտական շրջանակների հետ՝ հետագայում կողմերի դիրքորոշումների մերձեցման համար հող նախապատրաստելու համար: Այն, որ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում, դրա համար մեղավոր են միայն իրենք՝ հակամարտող կողմերը, որոնք ի վիճակի չեն առաջ քաշել չափավոր, իրատեսական ու հավասարակշիռ պահանջներ: Հակամարտության կարգավորումը միանշանակ պահանջում է ոչ թե հակամարտող կողմերից ընտրություն, թե ում ինչ է դուր գալիս, այլ՝ համալիր մոտեցում»:







































