Ucom ընկերությունը, որը ձեռք է բերել «Ինտերակտիվ TV» ընկերության 100% բաժնետոմսերը, պատրաստվում է ընդլայնել ցանցը, բայց հին ու նոր բաժանորդները ոչ թե միանալու են Ucom-ին, այլ նույն կերպ շարունակվելու է և, ըստ էության, «Ինտերակտիվ TV»-ն շուկայում շարունակելու է հանդես գալ որպես երկորրդ ընկերություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը՝ պարզաբանելով, որ դա հնարավորություն կտա ավելի էժան ծառայություններ մատուցել, քանի որ «Ինտերակտիվ TV»-ի ինտերնետային ծառայություններն ավելի էժան են, քան Ucom-ինը, ինչը կարծես այլընտրանք է Ucom-ի համար:
«Շուկայում շատ մրցակցային գներ ունի «Ինտերակտիվ TV»-ն, և պատրաստվում ենք շուկան ավելի ընդլայնել, նոր տարածքներ մտնել: Պատրաստվում ենք ամեն մի դեպարտամենտը մեծացնել: Աշխատակազմին նոր ենք ծանոթանում, բավականին փորձառու են»,- ասաց Ա. Բարսեղյանը՝ չբացառելով առանձին փոփոխությունները: Նա նշեց, որ ամեն դեպքում նոր մասնագետներ կհրավիրվեն, և ներկայիս մոտ 100 աշխատակիցների թիվը կդառնա մոտ 150:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ինտերակտիվ TV» ՍՊԸ մասնակիցներ Պավլիկ Մարգարյանին և Կարեն Մարգարյանին պատկանող համապատասխանաբար` 70% և 30% բաժնեմասերը Ucom ՍՊԸ-ին օտարելուն: Այժմ հերթը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովինն է:







































