«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը Երևանից հեռացնելը քաղաքական հաշվեհարդար է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության առաջնորդ Պետրո Մակեյանը:
«Երկրորդ կարծիք չի կարող լինել, որ սա քաղաքական հետապնդում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության և նրա ղեկավարի դեմ: Մեր կուսակցության հանդեպ սա նորություն չէ. 1998 թվականից առ այսօր անընդհատ գործընթաց է»:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք»-ին Պետական գույքի կառավարման վարչությունը Երևանի Վաղարշյան 12 հասցեում գտնվող տարածքի փոխարեն վարձակալությամբ նոր տարածք է առաջարկել Գառնիում կամ Արմավիրում:
Երևանյան տարածքը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը զբաղեցնում է 1996 թվականից: Անցած տարի լրացել է տարածքի վարձակալության ժամկետը, և Պետական գույքի կառավարման վարչությունը հրաժարվել է վերակնքել պայմանագիրը` պատճառաբանելով, թե նպատակահարմար չի գտնում: Մոտ տասն օր առաջ Մակեյանը ազատել է տարածքը` խուսափելով դատական ակտերի հարկադիր կատարողի հետ շփումից:
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ տարածքի շուրջ այս վեճը սկսվել է դեռ 2008 թվականին, երբ ինքն ազատազրկված էր, ուստի համոզված է, որ կուսակցությունը Գառնի կամ Արմավիր տեղափոխվել առաջարկելով` իշխանությունները փորձում են ավարտին հասցնել սկսած գործը։
Պետրոս Մակեյանը, միաժամանակ, համոզմունք հայտնեց՝ արժանահավատ տեղեկություններ ունի, որ տարածքը տրամադրվելու է կոնկրետ անձի, ում անունը առայժմ չի հրապարակում։
«Ժողովրդավարական հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակի գույքը, ինչպես փոխանցեց կուսակցության առաջնորդը, ստիպված են պահել տարբեր տարածքներում, կուսակցության նիստերը ՀԱԿ-ի Աջափնյակի գրասենյակում են գումարում։
Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել իրավիճակից դուրս գալու համար, Պետրոս Մակեյանը նշեց, որ կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերին հրապարակային հայտարարություններ անել, որոնք, նրա խոսքով, իշխող վարչախմբի համար խիստ ցավոտ են լինելու, մանավանդ որ առջևում նախագահական ընտրություններն են: «Միաժամանակ, չեմ ուզում փակագծերը բացել, որ իշխանությունները չկարողանան նախապատրաստվել»
Մակեյանը նաև տեղեկացրեց, որ ի պատասխան Պետգույքի կառավարման վարչության հայտարարության՝ իրենք ևս պատրաստվում են վաղը հայտարարություն տարածել:







































