ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նպատակով ընդդիմության նախաձեռնած, սակայն ձախողված ստորագրահավաքը դժվար թե ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջև տարաձայնությունների առիթ դառնա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը:
«Ոչ ոք ոչ ոքի երդում չի տվել, և յուրաքանչյուրն իրեն այնպես է դրսևորում, ինչպես ճիշտ է համարում: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց առջև պարտավորություններ չունեն»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայ ազգային կոնգրեսը, այս ստորագրահավաքը ձեռնարկելով և նախապես իմանալով, որ ձախողելու է, նպատակ ուներ բացահայտել ԲՀԿ-ին, Մանվել Սարգսյանը նշեց. «Իմաստը ո՞րն է, երբ ՀԱԿ-ը ուզում է ընկերություն անել և միաժամանակ բացահայտել ԲՀԿ դեմքը: Կարծում եմ՝ Հայ ազգային կոնգրեսն ինքն էլ չգիտեր՝ ինչ է նախաձեռնում, ուղղակի գործընթաց էր, որին մասնակցում էր նաև ինքը»,- ասաց փորձագետը:
Հիշեցնենք, որ օրերս կայացած նախաձեռնության ժամանակ 44 ստորագրություն այդպես էլ չէր հավաքվել: Այսպիսով, «Հարսնաքարի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար արտահերթ նիստ չի հրավիրվի, քանի որ հավաքվել էր ընդամենը 21 ստորագրություն։








































