Վարդավառը ծագմամբ հեթանոսական տոն է. հայագիտության մեջ եղած աղբյուրների համաձայն՝ այն կապված է Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Նավասարդի, ինչպես նաև՝ համաշխարհային ջրհեղեղի կամ Նոյյան տապանի պատմության հետ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սամվել Մկրտչյանն ասաց, որ ըստ ավանդության՝ Նոյ Նահապետը, երբ ջրհեղեղից փրկվում և հասնում է Մասիսի գագաթ, այնտեղից իջնում է Նախիջևան. «Այդ օրվանից էլ սկսվում է հայոց Նավասարդ կոչվող ամիսը: Որպեսզի ջրհեղեղի հիշատակը մնար, Նոյն իր որդիներին պատվիրում է իրար վրա ջուր ցանել»:
Ազգագրագետը ներկայացրեց նաև Ղևոնդ Ալիշանի բացատրությունը տոնի վերաբերյալ, ըստ որի՝ վարդավառ բառը «վարդ» արմատից է և կապվում է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ: Հունական միջավայրում ևս տոնի ստուգաբանությունը ընկալվում է վարդ-ծաղիկ համատեքստում:
Վարդավառի ժողովրդական ծեսի կենտրոնը ջուրն էր, ինչպես նաև աղավնին, մատաղը, խնձորը: Սամվել Մկրտչյանն ասաց, որ ազգագրական շրջանների նյութը վկայում է, որ ծիսական համալիրում մեծ տեղ են տվել վարդին, որը գնալով նվազել է. «Տոնի ժամանակ միմյանց ջրում էին բոլորը: Այդ օրը անգամ սկեսուրին կարող էր ջրել չխոսկան հարսը, չկար տարիքային, սեռային կամ սոցիալական սահմանափակում: Կենցաղում բավականին տարածված էր աղավնի թռցնելու սովորույթը, որը կապված էր Նոյյան տապանի ավանդության հետ»:
Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում կոչվել է տարբեր կերպ՝ Վարթավառ (Արճակ), Վըրթէվօր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթիվոր, Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Վայոց ձոր), Պարլում կամ Պարլամօն (Քեսապ):
Չնայած անունների բազմազանությանը, Վարդավառը միշտ ուներ նույն նշանակությունը և նշվում էր համընդհանուր արարողակարգի համաձայն:







































