Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Սեյջ Ստալոնեն, որին մահացած են գտել Լոս Անջելեսի իր բնակարանում, հուլիսի 13-ին մահացել է հարսանիքից ընդամենը մեկ օր առաջ: Այս մասին այսօր հայտնել է նրա փաստաբան Ջորջ Բրաունշտեյնը:
Նա նաև ընդգծել է, որ մահվանից առաջ հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեի որդին աշխատանքի բազմաթիվ խոստումնալից առաջարկներ է ստացել:
«Նա կյանքով լեցուն ռեժիսոր էր, ում հիանալի ապագա էր սպասվում: Հավանաբար, դա դժբախտ պատահար է եղել»,- ասել է Սեյջ Ստալոնեի հետ ավելի քան 15 տարի աշխատած փաստաբանը:
Բրաունշտեյնը նաև նշել է, որ Սեյջը հարգում ու սիրում էր իր հռչակավոր հորը, սակայն ամեն ինչի հասել է ինքնուրույն` առանց նրա օգնության:
Որոշ տեղեկությունների համաձայն` երիտասարդ ռեժիսորը վերջին ժամանակներում բախվել է ֆինանսական խնդիրների, որոնք փորձել է լուծել առանց հոր օգնության:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ուրբաթ օրը սեփական բնակարանում հայտնաբերվել էր ամերիկացի դերասան և ռեժիսոր Սիլվեստեր Ստալոնեի որդու դիակը: Աղբյուրները չեն նշել մահվան իրական պատճառը։ TMZ-ի տեղեկություններով՝ հնարավոր է` մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահման հետևանքով:







































