Աշխարհահռչակ դերասան Չարլի Չապլինը չի սիրել երեխաների համար ցուցադրել իր ֆիլմերը, քանի որ կարծել է, որ դրանք հնացել են: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին ասել է Չապլինի դուստրը` Ջերալդին Չապլինը:
Ջերալդին Չապլինը ժամանել է Օդեսայի երրորդ միջազգային կինոփառատոնին` բացելու 1931թ. նկարահանված «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմի ցուցադրությունը սիմֆոնիկ երաժշտության ներքո: Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունենալու հուլիսի 14-ին»:
«Հայրիկը միշտ շատ նյարդային վերաբերմունք ուներ իր ֆիլմերի նկատմամբ, վախենում էր, որ դրանք հնացել են: Չէր սիրում մեզ համար ցուցադրել դրանք, միշտ պետք է շատ խնդրեինք, որպեսզի նա ցույց տար դրանք: Մենք նայում էինք և ասում` վատ չէ: Սակայն նա երբեք չի պատմել, թե ինչպես է նա նկարահանել»,- ասել է նա մամլո ասուլիսի ժամանակ:
Չարլի Չապլինի ստեղծագործությունների հեղինակային իրավունքը մինչև 2040թ. պատկանում է նրա ընտանիքին: Հենց այդ ժամանակ լրանում է Չապլինի մահվան 70 տարին:
Ջերալդինը խոստովանել է, որ Չապլին ազգանունն իրեն տվել է ամեն ինչ:
«Չապլինը սիրված էր բոլորի կողմից: Երբ ես սկսեցի իմ դերասանական կարիերան, բոլորը փորձում էին օգնել ինձ, քանի որ բոլորը սիրում էին նրան: Հորս հանդեպ համընդհանուր սերը շատ է օգնել ինձ: Նույնիսկ դպրոցում, երբ ես ընկերացա գերազանցիկ աշակերտուհու հետ, ասում էի նրան` թույլ տուր արտագրեմ և կծանոթացնեմ հորս հետ»,- խոստովանել է նա:








































