«Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող` Աբովյանի և Չարենցավանի երթուղիների վարորդները այսօրվանից դադարեցրել են գործադուլը. այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հարցին` արդյոք տրանսպորտի և կապի նախարարությունը ուսումնասիրել և պարզե՞լ է, թե ԲՀԿ-ի ավտոբուսները որքանով են օրինական կամ անօրինական շահագործվել, Բեգլարյանը պատասխանեց. «Դե, բոլորդ տեղյակ եք, որ նրանց դժգոհությունները անօրինական են, նրանք էլ պնդում են, թե օրինական են: Հիմա ուսումնասիրում ենք հարցը: Ամենակարևորն այն է, որ երթուղիներն այս պահին աշխատում են»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի սանիկի` Արթուր Հարությունյանի (Պալաչի) երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել` բողոքելով Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների աշխատանքից:









































