ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մասնակցել է հակակոռուպցիոն իրազեկման ծրագրի մեկնարկի արարողությանը:
Ծրագրի նպատակն է բարձրացնել սահմանը հատող Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների իրազեկվածության մակարդակը հակակոռուպցիոն հարցերի շուրջ` պարզաբանելով սահմանային անցակետերում և մաքսակետերում կիրառվող ընթացակարգերը: Այդ նպատակով պատրաստվել են տեղեկատվական նյութեր, որոնք կտեղադրվեն սահմանային բոլոր անցակետերում:
Փոխվարչապետը ողջունել է ծրագրի ներդրման գաղափարը` շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանությանը նախաձեռնության համար: Նա նշել է, որ ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը և կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին իրազեկման տեսանկյունից:
«Կառավարության կողմից իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը, որի նպատակը Հայաստանի պետական սահմանի համալիր կառավարման արդիականացումն է: Այս աշխատանքներում մենք հիմնվում ենք համաշխարհային լավագույն փորձի վրա և կարևորում ենք շահագրգիռ միջազգային կառույցների աջակցությունը»,-նշել է փոխվարչապետը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակի կողմից և իրականացվում է Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում:








































