«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «ՀՀ ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, որը թիվ 37 ընտրատարածքից էր ընտրվել, որոշել է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում փոփոխություն մտցնել:
Քանի որ Գրիգորյանի «հովանավորյալը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, վերջերս նա իր մոտ է կանչել երիտասարդ պատգամավորին և հետաքրքրվել, թե ինչ է որոշել անել ԱԺ-ում: Գրիգորյանն էլ ոգևորված հայտարարել է, թե «Սահմանադրության 4-րդ հոդվածում սխալ կա, փոխելու եմ»: Մարզպետն ուրախացել է, որ իր թեկնածուն արդեն սկսել է աշխատել, ու անգամ իր շրջապատին պատմել է, թե Հայկը շուտով Սահմանադրությունում փոփոխություն է անելու:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են միայն հանրաքվեի միջոցով, ինչի մասին պատգամավորը հավանաբար չի իմացել: Իսկ 4-րդ հոդվածը վերաբերում է հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաև հանրաքվեներին, որոնք անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
«Ժողովուրդ»-ը փորձել է Աժ պատգամավոր Հայկ Գրիգորյանից պարզել, թե ինչ սխալ է հայտնաբերել Սահմանադրության հոդվածի մեջ, սակայն նա հերքել է թերթի տեղեկությունը: «Չէ, ճիշտ չեք»,-ասաց Գրիգորյանն ու անջատեց հեռախոսը:
Ի դեպ, թերթի տեղեկություններով` Հայկ Գրիգորյանն իր հովանավորյալից մի մեքենա է նվեր ստացել, որպեսզի մասնակցի ԱԺ նիստերին:








































