Վերջին երեք տարիներին գների ամենացածր աճը մեր տարածաշրջանում եղել է Վրաստանում: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ:
Նա շեշտել է, որ գնաճի ցուցանիշը անհրաժեշտ է դիտարկել երեք տարվա կտրվածքով` այն օրերից, երբ համաշխարհային տնտեսությունում ճգնաժամ սկսվեց: Նա շեշտել է, որ «տնտեսագետները վերցնում են հենց այդ ցուցանիշը»` արձագանքելով պատգամավորների այն դիտարկմանը, որ 2010թ. տարածաշրջանի երկրների համեմատ Վրաստանում արձանագրվել է ամենաբարձր գնաճներից մեկը:
Սաակաշվիլին նշել է, որ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 32%, Հայաստանում` 23%, Ռուսաստանում` 34%, իսկ Թուրքիայում` 24%: «Սրանք են ամենաիրական ցուցանիշները, և դրանք ապացուցում են, որ Վրաստանը գնաճի դեմ հարևաններից ավելի լավ է պայքարում: Այնուամենայնիվ, մեր համապատասխան ցուցանիշը` 21%, բավականին բարձր է և պետք է ամեն ինչ անել այն իջեցնելու համար»,- հայտարարել է Սաակաշվիլին: