ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ հուլիսի 10-ին սկսված ռուսական նավատորմի նավերի տեղաշարժը դեպի Սիրիայի ափեր կապ չունի սիրիական ճգնաժամի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
«Մենք տեսել ենք այն հաղորդագրությունը, որ ՌԴ ռազմածովային ուժերի նավերը շարժվում են Սիրիա: Մենք նաև տեսել ենք այն հաղորդագրությունը, որը, հղում անելով Ռուսաստանի իշխանություններին, հայտնում է, որ այդ նավերը կմտնեն Տարտուս նավահանգիստ՝ վերալիցքավորվելու համար, և որ դա կապ չունի Սիրիայի ճգնաժամի հետ: Մենք, իհարկե, հույս ունենք, որ դա ճիշտ է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:
Նա հաստատել է, որ ամերիկացիները «կապ են պահպանում ռուսների հետ»՝ Սիրիա ռուսական նավերի մտնելու հարցում: Ըստ Վենտրելի տեղեկությունների՝ ԱՄՆ իշխանությունները բավականաչափ տվյալներ չունեն՝ կապված այն բանի հետ, թե «ինչ կարող է տեղի ունենալ Տարտուսի բազայում»:
«Մենք խոսում ենք նրանց (Ռուսաստանի.- 1in.am) հետ, որպեսզի ավելի շատ տեղեկատվություն ստանանք»,- ասել է դիվանագետը:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական երեք խոշոր դեսանտային նավեր և «Ադմիրալ Չաբանենկո» նավը Հյուսիսային ծովից շարժվել են դեպի Միջերկրական ծով և նախատեսում են մտնել Սիրիայի Տարտուս նավահանգիստ:
Սակայն ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունից հստակեցրել էին, որ դրանք կիրականացնեն ռազմա-ուսումնական առաջադրանքներ Ատլանտյան օվկիանոսում, Միջերկրական և Սև ծովերում:








































