Հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում տեղի է ունեցել «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը» խորագրով բացօթյա փառատոն-համերգ` քաղաքի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այն կազմակեպվել էր և անցկացվել է ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված բեմահարթակում հանդես են եկել Նյու Յորքից հատուկ այդ նպատակով ժամանած ամերիկահայ «Շուշի» պարախումբը, ամերիկահայ երաժիշտներ և երգիչներ, ինչպես նաև արգենտինահայ համայնքում ճանաչում գտած «Գայանե», «Մասիս» և «Նաիրի» համույթները:
Միջոցառման շրջանակներում բացվել են հայ մշակույթին, պատմությանը և խոհանոցին ծանոթացնող մի շարք տաղավարներ:
Համերգին ներկա են եղել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի կառավարության համայնքների հետ համագործակցության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ, տեղական իշխանությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից:








































