«Սկզբունքները փողից թանկ են», «Երջանկությունը փողի մեջ չէ» հայտնի ասացվածքների վառ արտացոլմամբ պատմություն է գրանցվել Բրազիլիայի խոշորագույն Սան Պաուլու մեգապոլիսում:
Երկու անտուն թափառական քաղաքացիներ փողոցում մեծ գումարով փաթեթ են հայտնաբերել: Ինչպես ավելի ուշ պարզվել է, փաթեթում եղել է 20 հազար ռեալ (10 հազար դոլար):
Itar-Tass-ի փոխանցմամբ՝ գտած գումարը Ռեժանիել Սիլվա Սանտուսին ու նրա ընկերուհի Սանդրա Ռեյնա Դոմինգիսին երկար մտածել չեն տվել: Նրանք անմիջապես զանգահարել են ոստիկանություն՝ տեղեկացնելով հայտնաբերվածի մասին: Ոստիկանները զարմանքից կարկամել են. գումարը եղել է այնքան իրական, որքան այն հանձնող երկու թշվառները, որոնք բնակվում են կամրջի տակ:
Երկու բոմժերի ցերեկային «աշխատավարձը» միասին կազմում է 15 ռեալ: Այդ գումարը նրանք աշխատում են՝ հանձնելով փողոցներում հավաքած մակուլատուրան և ըմպելիքների դատարկ ալյումինե տարաները: Ռեժանիելի մտքով անգամ չի անցել գտած գումարը յուրացնել, քանի որ կարծում է, որ իր աշխատանքի արդյունքն արդար է:
Փաթեթում քննիչները հայտնաբերել են ճապոնական խոհանոցի կտրոններ: Ինչպես պարզվել է, նախօրեին ռեստորանում գողություն է տեղի ունեցել: Ստանալով գողացված գումարը` ռեստորանի տերերը զույգին աշխատանք են առաջարկել ռեստորանում և առաջարկել վճարել նրանց մասնագիտական կրթության ծախսերը:
Թափառականները լրջորեն մտածում են առաջակի ուղղությամբ: Կամրջի տակ մնալ նրանք այլևս չեն պատրաստվում: Բանն այն է, որ անծանոթները սպառնում են նրանց վրեժխնդրությամբ: Ոստիկանությունը կարծում է, որ խոսքը գողոնից զրկված հանցագործների մասին է: Ամեն դեպքում, հայտնաբերված գումարը փոխեց զույգի կյանքը:









































