Այս տարվա հունիսին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները, հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանին տրված պատասխանը ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակն ի զորու չէ լուծել իր առջև դրված խնդիրները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ուժերի այս հարաբերակցության պայմաններում ադրբեջանական բանակը չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները:
Բանախոսի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը թևակոխել է մի նոր փուլ, և այս փուլում համանախագահների այցը տարածաշրջան պատահական չէ:
Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ այս փուլում միջնորդները հակամարտող կողմերին կարծես ակնարկում են նոր լուծում առաջարկելու մասին: Սակայն հաշվի առնելով կողմերի անվստահության բարձր մակարդակը` Սաֆարյանի խոսքով, հնարավոր չէ կողմերին նստեցնել և լուծման մի տարբերակ պարտադրել: Սա, ըստ նրա, չիրականանալի հաշվարկ է: Միակ լուծումն, ըստ նրա, այն է, որ պետք է հակամարտությունը կառավարելի պահել, որպեսզի այն դուրս չգա թույլատրելի սահմաններից:
Ստյոպա Սաֆարյանը նաև նշեց, որ դժվար թե հայաստանյան քաղաքական որևէ ուժի հաջողվի ԼՂ հիմնախնդիրը օգտագործել որպես ներքաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս: «Դժվար թե կարողանան հաշվարկները կառուցել դրա վրա»,- նկատեց նա:









































