Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը բացում է աշխատանքային ճամբարներ՝ թմրամոլների ու թմրավաճառների համար: Այդ ճամբարները նախատեսված են թմրամոլների բուժման ու թմրավաճառների պատժման համար:
Ճամբարներում թմրամոլները բուժում կստանան, իսկ թմրավաճառները ծանր աշխատանքներ կկատարեն: Նշվում է, որ ներկայիս դրությամբ իրանական բանտերում գտնվող անձանց 65-70 տոկոսը կա՛մ թմրամոլ են, կա՛մ էլ թմրավաճառ:
Իրանում արդեն իսկ առկա է երկու նմանատիպ աշխատանքային ճամբար: Պլանավորված է առաջիկայում բացել ևս 5-7 այդպիսի ճամբար: Իրանի արևելքը սահմանակից է Աֆղանստանի հետ, որը ափիոնի և այլ թմրանյութերի արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը:









































