Պակիստանի կրոնական կուսակցության մի քանի հազար կողմնակիցներ կիրակի օրը բողոքի երթ են սկսել իշխանության` Աֆղանստանում արևմտյան զինվորների համար բեռների տրանզիտի վերաբացման որոշման դեմ, հաղորդում է DawnNews-ը: Ցուցարարները երթը սկսել են Լախոր քաղաքոմ` երկրի հյուսիս-արևելքում: Ակցիայի կազմակերպիչները մամուլին հայտնել են, որ երթին կմասնակցի մոտ 25 հազար մարդ, սակայն ըստ ոստիկանության` երթի մասնակիցները 8 հազար են: Նրանք մտադիր են անցնել 275 կմ մինչև Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, որտեղ նախատեսվում է զանգվածային ցույց անցկացնել:
Ակցիայի մասնակիցները սպասում են, որ ճանապարհին նրանց կմիանան նոր ցուցարարներ: Ամբոխը գնում է մայրուղով: Նրանց ուղեկցում են բեռնատարներ և ավտոբուսներ, որոնք ծածկված են հակաամերիկյան և հակակառավարական կարգախոսներով:
«Ամերիկային արժանի միակ միջոցը ջիհադն է, ջիհադը, ջիհադը»,-վանկարկում են ցուցարարները:
Բողոքի պատճառը անցած երեքշաբթի Իսլամաբադի և Վաշինգտոնի միջև Աֆղանստանում արևմտյան կոնտինգենտի զորքերի համար Պակիստանի տարածքում բեռների տարանցման վերսկսման համաձայանգիրն է:
Արդեն 7 ամիս է, ինչ ՆԱՏՕ-ի բեռները դեպի Աֆղանստան Պակիստանի տարածքով չէին գնում: Իսլամաբադի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կտրուկ վատթարացել էին այն բանից հետո, երբ 2011 թվականի նոյեմբերի 26-ի գիշերը ՆԱՏՕ-ի զորքերը Պակիստանի հյուսիս-արևմուտքում հարված էին հասցրել երկու բլոկպոստերի վրա: Այդ ժամանակ զոհվել էր առնվազն 24 պակիստանցի զինվորական:
Վաշինգտոնը ձգտում էր հասնել այդ երթուղիների բացմանը, քանի որ դա առավել հարմար ճանապարհն է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի նախատեսվող դուրսբերման համար:








































