WikiLeaks-ը հրապարակել է նամակագրությունը, որից պարզ է դարձել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն ունի օգնական, ում տալիս է նվերներ և վճարում ուսման համար:
Սիրիայի կառավարության մոտ 2.5 միլիոն նամակներից, որոնք հրապարակվել էին երեք օր առաջ, 800-ը նվիրված են Բաշար Ալ-Ասադի` ոմն Լամիս Օմարի հետ նամակագրությանը, որը ներկայումս սովորում է Անգլիայի Դարեմի համալսարանում:
Հաղորդագրությունների տեքստից կարելի է եզրակացնել, որ Լամիսը, որ պաշտոնապես աշխատում է որպես Ասադի թարգմանչուհի, բավականին նուրբ հարաբերություններ ունի նախագահի հետ:
Նամակներում հաճախ հանդիպում են բանաստեղծություններ ու կատակներ, խոսվում է նաև Ասադի կողմից Լամիսին տրված նվերների մասին: Ի պատասխան` Լամիսը շնորհակալություն է հայտնում Ասադից, որ նա հովանավորում է իր ուսումը, և ասում է, որ սիրում է նրան:
Բաշար Ալ-Ասադի և Լամիս Օմարի բացահայտված կապը կարող է սպառնալ Լամիսի ուսմանը: Անգլիացի պատգամավոր Ռոբերտ Հալֆրոնի խոսքով` «համալսարանը պետք է մտածի, թե գիտական աստիճան պե՞տք է շնորհել մի մարդու, որը կապ ունի արյունահեղ պատերազմի հետ, որի զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ»:
Համալսարանը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ ծագում ունի գումարը, որը նրանք ստանում են սիրիացի ուսանողուհու ուսման համար` ասելով, որ դա ուսանողուհու անձնական գործն է: Ուսումնական հաստատության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Դարեմի համալսարանը երբեք կապ չի ունեցել սիրիական կառավարության հետ:








































