Հուլիսի 9-ին Կրասնոդարի երկրամասում սուգ է հայտարարված: Պաշտոնական տվյալներով` ջրհեղեղի հետևանքով զոհվել է 144 մարդ: Interfax-ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ օպերատիվ շտաբին, հայտնում է, որ բուժօգնության է դիմել 205 մարդ, որոնցից 48-ը երեխաներ են: 77 մարդ հոսպիտալացվել է:
Տարերային աղետից տուժած շրջաններում ներկայում իրականացվում են զոհերի և վիրավորների որոնման աշխատանքներ:
Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը Կուբանում տեղի է ունեցել հուլիսի 7-ի գիշերը: Առավելապես տուժել է Կրիմսկ քաղաքը, որտեղ գրանցվել է 130 զոհ: Հեղեղվել են նաև Գելենջիկ և Նովոռոսիյսկ քաղաքները: Գելենջիկում զոհերը 9-ն են, Նովոռոսիյսկում` 2-ը: Տուժածներին տրամադրվում է նաև հոգեբանական օգնություն:
Զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա 2 միլիոն ռուբլի փոխհատուցում`մեկական միլիոն երկրամասի և նույնքան` դաշնային բյուջեներից: Տուժածներին երկրամասի բյուջեից կտրամադրվի 10 հազարական ռուբլի` անհետաձգելի կարիքների համար: Նրանք նաև կստանան 50 հազարական ռուբլի` երկրամասի և 100 հազարական ռուբլի` դաշնային բյուջեներից: Երկրամասի բյուջեից փոխհատուցումների տրամադրումը կսկսվի երկուշաբթի, իսկ դաշնային բյուջեն փոխհատուցումներին պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա վերջին:








































