Այսօր Լիբիայում, որտեղ տեղի են ունենում Մուամար Քադաֆիի տապալումից հետո առաջին համաժողովրդական ընտրությունները, 101 ընտրատեղամաս չի բացվել: Ինչպես հաղորոդւմ է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, դա կազմում է ընտրատեղամասերի ընդհանուր թվի 5%-ը: Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ այդ ընտրատեղամասերը չեն բացվել՝ անվտանգության և «սաբոտաժի» նկատառումներից ելնելով:
Մասնավորապես նշվում է, որ խնդիրներ են առաջացել երկրի արևելքում, որտեղ քվեարկության նախօրեին բոյկոտի կոչեր էին հնչում: Բենղազիի և Կիրենաիկիի մյուս քաղաքների բնակիչները դժգոհում են, որ Ազգային ասամբլեայում արևելյան շրջանների թեկնածուներին հատկացված է միայն 60 տեղ, իսկ արևմուտքի թեկնածուներին՝ ավելի քան 100:
Հաղորդվում է, որ զինված հարձակումներ են իրականցվել Բտնղազիի ընտրատեղամասերի վրա:
Մայրաքաղաք Տրիպոլիում իրավիճակը կայուն է, ընտրատեղամասերի մոտ հերթեր են գոյացել:
Ազգային ասամբլեան պետք է ձևավորի կառավարություն և մշակի սահմանադրության նախագիծը:








































