Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Գոյություն չունեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքային տարբերակներ: Ուժի կիրառումը չի նպաստի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ոչ վաղ անցյալում հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերը հարուցեցին մեր մտահոգությունը:
Այդ միջադեպերն ընդգծում են ԵԱՀԿ-ի առաջարկած միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման կարևորությունը: Պարզ պրակտիկ քայլերը, ինչպիսիք են շփման գծից դիպուկահարների դուրսբերումը և հետաքննման մեխանիզմների արդյունավետ վերականգնումը, կարող են զգալիորեն նվազեցնել հայ-ադրբեջանական լարվածությունը:
Նախորդ տարի Լիտվան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, սերտորեն համագործակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք ամբողջովին աջակցում ենք մինսկյան գործընթացը»:








































