Գերմանիայում բնապահպանները դեմ են իշխանությունների`Էլբայի խորացման նախագծին: Այս մասին հայտնում է NDR-ը:
Գերմանական ոչ առևտրային BUND և NABU կազմակերպությունները, ինչպես նաև «Վայրի բնության պահպանության» (WWF) միջազգային կազմակերպությունը հայտարարել են, որ այսօր` հուլիսի 6-ին, պաշտոնական հայց կներկայացնեն Գերմանիայի դաշնային դատարան: Նման հայտարարությամբ է հանդես եկել BUND-ի Համբուրգի բաժանմունքի ղեկավար Մանֆրեդ Բրաշը:
Դատարանում հայցի քննությունը կհետաձգի աշխատանքների սկսումը: Բնապահպանների կարծիքով` շինարարական աշխատանքները խախտում են բնության պահպանության ու ջրամբարների մասին եվրոպական օրենքները: Բացի բնապահպաններից` բողոք կներկայացնի նաև Կուկսհաֆեն քաղաքը, որին առչնվում է շինարարությունը:
Էլբան խորացնելու աշխատանքների ծրագիրը իշխանությունները հավանության էին արժանացրել դեռ հունիսի սկզբին: Աշխատանքն անհրաժեշտ է իրականացնել Համբուրգի Ալտենվերդեր շրջանի ու Կուկսհաֆեն քաղաքի միջև, որտեղ գտնվում է նավահանգիստը: Աշխատանքները թույլ կտան, որ խոշոր նավերը կարողանան մուտք գործել նավահանգիստ: Նախագիծը գնահատվում է 500 մլն եվրո:







































