2005թ. այս օրը վախճանվեց բանասեր, լեզվաբան բանասիրական գիտությունների դոկտոր (1955թ.), պրոֆեսոր (1958թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1974թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965թ. ) Գևորգ Բեգլարի Ջահուկյանը:
Ջահուկյանն անգնահատելի նպաստ է բերել հայ նորագույն լեզվաբանության հիմնադրման գործին: Որպես Եվրոպայի (1974-ից) և ԱՄՆ-ի (1980-ից) լեզվաբանական ընկերությունների անդամ` մեծ դեր է խաղացել հայ լեզվաբանական դպրոցի ձեռքբերումները միջազգային ասպարեզ դուրս բերելու գործում:
Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առնչությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին ու հնագույն լեզուների հետ, ճշտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառությունները, տվել նոր ստուգաբանություններ:
Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմական զարգացման շրջանաբաժանումը, hայ բարբառագիտության բնագավառում ստեղծել նոր գիտակարգ` վիճակագրական բարբառագիտություն: Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել հնդեվրոպական նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած:
Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերականական նոր կարգեր: Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին:







































