Ինչի՞ մասին է վկայում այն փաստը, որ WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի հաղորդագրություններում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, մանրազնին կերպով ներկայացնելով որոշ հանցագործություններ, փաստել էր, որ 2008թ. հոկտեմբերին մեկը մյուսին հաջորդած սպանությունները թույլ տվեցին ընդդիմությանը Հայաստանն անվանել «քրեական պետություն» եւ փաստաթղթում նշվել էր, որ Հայ ազգային կոնգրեսը արձագանքել է բոլոր այս հանցագործություններին` մեջբերելով հատվածներ ՀԱԿ-ի հայտարարություններից:
«Առաջին»լրատվականի այս հարցին ի պատասխան այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց. «Հանցագործությունների բացահայտման գործում Կոնգրեսը եղել է դրոշակակիրը, եւ այն, ինչ մենք ասում էինք, բայց միջազգային հանրության շրջանում արձագանք չէր գտնում, այսօր այդ բոլոր բացահայտումներից հետո, նաեւ ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում հանցավոր խմբերի վնասազերծումից հետո, երբ պարզ դարձավ, որ նրանք լուրջ կապերի մեջ են Հայաստանի իշխանությունների եւ օլիգարխների հետ, այս թեման արդեն դարձել է բոլորի համար շատ հասկանալի թեմա: Դրանով հաստատվել են Հայ ազգային կոնգրեսի գնահատականները եւ սա փաստում է այն մասին, որ միջազգային հանրությունը վստահելի է համարում այն ինֆորմացիան, որը տրվում է Հայ ազգային կոնգրեսի կողմից»: