Եվրամիությունը որոշում է կայացրել ստեղծել «դեմոկրատիայի աջակցման հիմնադրամ», որը պետք է օգնություն ցուցաբերի ընդդիմադիր ակտիվիստներին հարևան երկրներում, առաջին հերթին`Բելառուսում: Այս մասին հաղորդում է EU Observer հրապարակությունը, որը լուսաբանում է ԵՄ կառույցների գործունեությունը:
Ինչպես նշվում է, այդպիսի հիմնադրամի ստեղծման գաղափարը առաջ է քաշել Լեհաստանը 2011թ. երկրորդ կեսում ԵՄ-ում նախագահելիս:
Կառույցը պետք է զբաղվի դրամաշնորհների բաշխմամբ հասարակական-քաղաքական շարժումների, երիտասարդական խմբերի, ԶԼՄ-ների, հիմնադրամների ու կրթական կազմակերպությունների շրջանում, հայտնել են ԵՄ-ում աղբյուրները:
Միջոցների տրամադրման որոշումը պետք է կայացնեն Բրյուսելում Եվրամիության կենտրոնական մարմնի պաշտոնական անձինք:
Ինչպես նշում է հրատարակությունը, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ հիմնադրամը կարող է աշխատանքներն սկսել արդեն այս տարի:










































