2010 թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է Նազարյանի հետ նույն մարտական դիրքում ծառայած շարքային զինվոր-ամբաստանյալների հարցաքննությունը: Այս գործով երեկվա նիստում դատարանում հարցաքննված ամբաստանյալներ` ժամկետային զինծառայողներ Հարութիկ Կիրակոսյանը և Ադիբեկ Հովհաննիսյանը հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից և չեն ընդունել մեղադրանքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` ամբաստանյալները դատարանում ևս հայտնել են, որ Բերդ քաղաքում, ռազմական ոստիկանությունում իրենց 9 օր ծեծել, շանտաժի են ենթարկել և ստիպել գրել նախաքննական ցուցմունքները:
Տուժող կողմի իրավահաջորդը մեզ հետ զրույցում նշեց, թե իրենք համոզված են, որ գործի մեջ ներքաշված ամբաստանյալ շարքային զինվորները Արտակ Նազարյանի սպանության հետ կապ չունեն, քանի որ ռազմական ոստիկանությունում նրանց նկատմամբ գործադրվել են այնպիսի խոշտանգումներ, որ դրանից հետո ցանկացած մարդ ցանկացած հանցագործության մեջ իրեն մեղավոր կճանաչեր:
Դատարանն այս պահին շարունակում է ամբաստանյալների հարցաքննությունը, սակայն այս փուլից տուժող կողմը մեծ ակնկալիքներ չունի: Ինչպես տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն է նշում, իրենք սպասում են ապացույցների հետազոտման փուլին:









































