Ցանկացած մարդ կդատապարտի «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան միջադեպը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն` անդրադառնալով հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքին:
Նա նշեց, որ ցանկացած մեկը, այդ թվում՝ ինքը, մեծ ցավ է ապրել՝ իմանալով այդ միջադեպի մասին: «Հայկական համայնքում այս դեպքի մասին իմացել ենք առցանց լրատվամիջոցներից, քանի որ այս մասին հեռուստատեսային լրատվամիջոցները չեն հայտնել։ Բոլորը շատ վհատվել են»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը` շարունակելով, որ այսօր Հայաստանում տեղի ունեցած միջադեպը Վրաստանում շատ մեծ արձագանքներ չի ստանում, քանի որ վրացահայերը զբաղված են Վրաստանի ներքին խնդիրները հաղթահարելով: Ըստ նրա` առջևում նաև ընտրություններն են, որոնք բոլոր կազմակերպությունների ուշադրությունը կենտրոնացրել են իրենց վրա:








































