«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-ի՝ հունիսի 26-ի հանրահավաքի նշանակությանը, մասնավորապես՝ մեր այն դիտարկմանը, թե ավելի շատ որն է այս հանրահավաքի նպատակը. արդյո՞ք ընտրություններից հետո հասարակության տրամադրվածությունը ստուգելը, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշեց․
«Հանարահավաքները տարբեր նպատակներ են հետապնդում, կարող ենք ենթադրել, որ ՀԱԿ-ի վաղվա հանրահավաքը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինն այն է, որ մայիսի 6-ից հետո երկրում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, ՀԱԿ-ն անցավ խորհրդարան, ԲՀԿ-ն դարձել է ընդդիմություն, այսինքն՝ քաղաքական որոշակի իրավիճակ է փոխվել, և նրանք, ամենայն հավանականությամբ, իրենց տեսակետները կներկայացնեն մայիսի 6-ից հետո երկրի ներսում ստեղծված իրավիճակի մասին, ապա կանդրադառնան արտաքին քաղաքական խնդիրներին։
Փաստորեն, առաջին նպատակը տեղեկատվական բնույթ ունի, երբ իրենց կողմնակիցներին տեղեկություններ կհաղորդեն երկրի ներսում տեղի ունեցող իրավիճակների մասին։ Երկրորդ նպատակը՝ թեև ՀԱԿ-ը չի հայտարարել, որ ինքը մասնակցելու է նախագահական ընտրություններին, սակայն անուղղակի դրա մասին խոսվում է, և ելնելով դրանից՝ միգուցե նրանք փորձում են իրենց կապը չկտրել այսպես ասած՝ փողոցային հանրության հետ։
Եվ երրորդը՝ միգուցե փորձեն տեսնել, թե հիմա, երբ ՀԱԿ-ը խորհրդարանում է և ունի պատգամավորներ, արդյոք դա բավարար կլինի՞, որ հանրահավաքի ժամանակ Երևան մտնող ճանապարհները նորից բլոկադայի չենթարկվեն։ Սա՝ զուտ կազմակերպչական տեսակետից։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ, ինչ-որ արտառոց բան չի լինի, սա հերթական հանրահավաք է՝ օրվա նպատակներով»,- հավելեց Ա․ Բադալյանը։









































