Պակիստանում «Թալիբան» խմբավորման գրոհայինները գերի են վերցրել, ապա գլխատել են պակիստանցի 7 զինվորների։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով պակիստանյան DawnNews-ին։
Ըստ նույն աղբյուրի՝ զինվորները գերի էին ընկել Աֆղանստանից Պակիստան ներխուժած գրոհայինների մոտ։ Որոշ տեղեկություններով՝ նախօրեին այդ շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել էր պակիստանցի 8 զինվոր, ոչնչացվել էր 14 գրոհային։ Հետագայում պարզվել էր, որ ևս 11 զինվոր այդ բախումից հետո անհետ կորել էին։ Ենթադրվում է, որ նրանք գերեվարվել են թալիբների կողմից։ Արդեն հայտնի է նրանցից 7-ի գլխատման մասին։
Պակիստանյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ այդ շրջանում հարձակումներն իրականացրել է հայտնի դաշտային հրամանատար Մուլլա Ֆազլուլլայի ջոկատը, ով Պակիստանի Սվատ նահանգից է, սակայն 2009թ․-ին փախել է Աֆղանստան և գրոհները կազմակերպում է այնտեղից։









































